Վանաձորում վիճաբանություն և դանակահարություն է եղել. կա վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոռու մարզում երեկ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է Shanshyan.com-ը։
Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։
Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկներն ասել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արկադի Մարուքյանն է։
Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենաները, որոնցից մեկի մեջ եղել են արնանման հետքեր։