ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող «World Challenge Cup» սպորտային մարմնամարզության ժամանակ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա հենացատկ վարժությունում հերթական անգամ ապացուցել է, որ իրեն հավասարը չունի ու 15,033 միավորով գերազանցել բոլոր մրցակիցներին` նվաճելով իր երկրորդ ոսկե մեդալը «World Challenge Cup» մրցաշարերում։
Երրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, իսկ երկրորդը` Բրազիլիայի ներկայացուցիչը։
Հունիսի 10-ին էլ հայ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանն էր ոսկե մեդալ նվաճել։ Նժույգ թափեր վարժությունում նա առաջ էր անցել Արթուր Դավթյանից, որն արծաթի էր արժանացել։