ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Միջոցառման հիմնական նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելն ու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», - իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
Նշվում է, որ փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։
Նշենք, որ «Ոչխարների Խուզման» փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։