ՌԴ-ն հացահատիկի գործարքի երկարաձգման մասին որոշում կկայացնի միայն իր շահերից ելնելով․ ԱԳՆ

Ժնևում կայացել է Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև բանակցությունների նոր փուլը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հացահատիկի վերաբերյալ Ստամբուլյան համաձայնագիրը երկարաձգելու կամ չերկարաձգելու որոշումը կկայացվի միայն Ռուսաստանի շահերից ելնելով։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք պետք է կենտրոնանանք ռուսական կողմի շահերի հստակ ընկալման վրա։ Այդ պատճառով հենց դրանով ենք առաջնորդվելու»,- ասել է նա`պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է երկարաձգել հացահատիկի գործարքը հուլիսի 18-ից հետո, եթե ոչինչ չփոխվի։
Հունիսի 9-ին Ժնևում կայացել է հացահատիկի գործարքի շրջանակներում հուշագրի շուրջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և ՄԱԿ-ը ներկայացնող, UNCTAD-ի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենի միջև բանակցությունների նոր փուլը:
ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուր
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Հացահատիկի գործարքի շուրջ շփումները շարունակվում են, շատ հարցեր բաց են մնում. Պեսկով