ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Խերսոնի մարզի ավելի քան 6 հազար բնակիչներ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել են տարածաշրջանի հեղեղված բնակավայրերից: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
«Հունիսի 10-ի առավոտյան Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի քաղաքային, Ալեշկիի և Գոլոպրիստանի քաղաքային շրջանների հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից 235-ը երեխաներ են և 81-ը՝ սակավ շարժունակ քաղաքացիներ»,-գրել է Սալդոն:
Նա նաև հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։
Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը կապված է Ղրիմը ջրազրկելու հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի ռեժիմի բարբարոսական գործողություն է անվանել և նշել, որ դա հանգեցրել է լայնածավալ բնապահպանական և հումանիտար աղետի:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պայթեցրել է ԿախովկայիՀԷԿ-ը, քանի որ թուլացել են նրա դիրքերը Խերսոնի ուղղությամբ. այնտեղից զորքերը տեղափոխել են հարձակման շրջան: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։