Ժամանակ են խլում․ ԱՄՆ սպառողների պաշտպանության բյուրոն ստուգում է բանկային չաթ-բոտերը

Բանկերը և այլ ընկերություններ միլիարդներ են խնայում աջակցության ծառայությունների ավտոմատացման շնորհիվ, բայց երբեմն հաճախորդներն են ստիպված լինում վճարել դրա համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ԱՄՆ սպառողների պաշտպանության դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել բանկային չաթ-բոտերի (հաճախորդների աջակցության ավտոմատացված ծառայություններ) վերաբերյալ:
Նախնական եզրակացության համաձայն՝ նման համակարգերը մի շարք դեպքերում ոչ միայն սպառողներին չեն օգնում կողմնորոշվել, այլև սխալ տեղեկատվություն են տալիս։ Այդ սխալների պատճառով հաճախորդները լրացուցիչ գործարքներ են կատարել (որոնց համար ստիպված են եղել վճարել) կամ ուշացել են վճարումներից:
ԱՄՆ-ի 10 խոշորագույն բանկերը տարբեր ձևերով են օգտագործում չաթ-բոտերը՝ սկսած սովորական ձայնային ընտրացանկերից («․․․-ի համար սեղմեք 1») մինչև արհեստական ինտելեկտի համակարգեր, որոնք «հասկանում են» հարցը և ձայնային պատասխաններ են գեներացնում: Ըստ Juniper Research հետազոտական ընկերության գնահատման, որը մեջբերում է դաշնային բյուրոն, չաթ-բոտերի օգտագործման ընթացքում ամերիկյան բանկերն ու այլ ոլորտների ընկերությունները տնտեսել են մոտ 8 մլրդ դոլար:
Բայց սպառողներին ռոբոտները միշտ չէ, որ օգնում են։ Դաշնային բյուրոյի կողմից հարցված հաճախորդներից մեկը հայտարարել է, որ չատ-բոտը իրեն անվերջ միանման պատասխաններ է տվել՝ թույլ չտալով կապվել աջակցության աշխատակիցների հետ: Դրա պատճառով նա ուշացրել է վարկի վճարումը։ Բացի այդ, չատ-բոտերի տվյալների բազաները կարող են «ջարդել»:
Դա տեղի է ունեցել, օրինակ, 2018 թվականին, երբ, կոտրելով բրիտանական Ticketmaster տոմսերի վաճառքի ցանցի չաթ-բոտը, հաքերները գողացել էին 60–հազարանոց տվյալների բազան։