ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հայտնաբերվել է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում։
Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել։
Բացի այդ կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով։
Նաև սանհանգույցը ենթակա է եղել վերանորոգման:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: