Այսօրվա իշխանությունները պնդում են, որ իրենք ամեն ինչ բացեիբաց հայտնում են հանրությանը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ վայ էն ասելուն։ Որովհետև բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի հրապարակած տեղեկությունները անմիջապես հերքվում են այս կամ այն մայրաքաղաքից։
Ահա, թե ինչ է գրում այդ առիթով սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում 1975 թվականի քարտեզի վերաբերյալ՝ հերքման արժանանալով Բաքվի կողմից: Հիմա էլ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին հերքում է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տպավորություն է, որ Փաշինյանի թիմը բանակցային գործընթացի իր սեփական ըմբռնումը ներկայացնում է որպես կայացած փաստ՝ իրականության փոխարեն առաջնորդվելով պատրանքներով։ Իսկ դրա հետևանքների համար մշտապես զրկանքներ է կրում ժողովուրդը»:
Հայաստանցիները նաև զարմացած են, թե այն ուժը, որը հինգ տարի առաջ հրապարակավ հավաստիացնում էր, որ այսուհետ բոլորը հավասար են լինելու օրենքի առջև, ինչպես հետզհետե լրիվ շեղվեց այդ սկզբունքից և սկսեց պաշտպանել յուրայիններին։ Ներկայացնեմ ֆեյսբուքյան գրառումներից մեկը. «Մի կողմում՝ 44-օրյա դաժան պատերազմում զոհվածի վրդովված մայր, որն ունի լսված ու հասկացված լինելու կարիք, մյուս կողմում՝ Դիլիջանի քրեականի պետ. իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա, որը պիտի միշտ օրինակելի լինի։ Առաջինը՝ Աշոտ Փաշինյանի հետ վիճաբանել է ընթացող մեքենայի մեջ, մյուսը՝ 16 տարեկան անչափահաս տղայի է ծեծել։ Ու ի՞նչ է ասում Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այս վերջինի մասին. «Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք գործել ու զղջացել է, կարող է ներվել»։ Սա ի՞նչ երկակի ստանդարտ է, բա զոհվածի մայրը որերո՞րդ անգամ է հանցանք գործում, որ չպիտի ներվի»,- զարմանում է օգտատերը։
Իսկ մինչ հանրությունը շարունակում էր քննարկել Դիլիջանում տեղի ունեցած դեպքը, Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներն այս շաբաթ փակեցին ճանապարհը և պահանջեցին պատասխանատվության ենթարկել իշխող ուժը ներկայացնող պաշտոնյային, որը գազ էր փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան։ Այնինչ օգտատերերից մեկը հիշեցնում է. «44-օրյա խայտառակ պատերազմից և Հայաստանի պարտությունից հետո Արագածավանում Նիկոլ Փաշինյանի այցին նրա վրա վարդի թերթիկներ էին շաղ տալիս, իսկ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագրին» ընտրել է 451 մարդ... Համեմատության համար՝ «Հայաստան» դաշինքին ընտրել է ընդամենը 61, իսկ ԲՀԿ-ին՝ 71 մարդ,- փաստել է գրառման հեղինակը՝ եզրափակելով,- ընտրե՞լ եք՝ դե՛ վայելեք և ուրախ եղեք, որ այդ քայլիստը չի սպանել այդ երեխային»։
Սակայն մեկ այլ օգտատեր համոզված է, որ արագածավանցիները, որոնք այժմ այդքան վրդովված են, իրականում ոչ միայն դասեր չեն քաղելու կատարվածից, այլև շատ ավելի հավատարիմ են դառնալու իշխող թիմին և նրա առաջնորդին, եթե նա գոնե աննշան պատժի արժանացնի, գյուղացիների բնութագրմամբ, «բացարձակ անգրագետ ու հաբռգած» պաշտոնյային։ Հաջորդ անգամ վարչապետին, որպես արդարությունը վերականգնած թագավորին, գյուղական նվագախմբով կդիմավորեն, ոտքերի տակ էլ բալբաս ցեղի մի երեք ոչխար կմորթեն», կանխատեսում է օգտատերը։
Ի դեպ, հայաստանյան իրականությունը շատ հարուստ է նման պարադոքսներով, որոնցից մեկն էլ սա է՝ մի կողմից ընդդիմությունն անընդհատ շեշտում է, որ հանրապետությունը այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար անհարաժեշտ է միավորվել և համախմբվել, մյուս կողմից, գրեթե ամեն ամիս Հայաստանում նորանոր շարժումներ են ծնվում։ Հենց այս մասին է գրում սոցցանցերի օգտատերերից մեկը։
«Ուրեմն այս պահին կան «Դիմադրություն» շարժումը, «Համախմբում» շարժումը, «Մայր Հայաստան» շարժումը, «Վասն» շարժումը, «Միասին» շարժումը, «Հայաքվե» շարժումը, «Երիտասարդի ձայն» շարժումը: Սա իհարկե, ամբողջական ցանկը չէ: Բայց ո՞նց կարող ա էսքան շարժում լինի, սակայն երկրում մի հատ շարժ չլինի»,- զարմանում է օգտատերը։