Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Գայանե Հակոբյան
Գործը քննվել է արագացված կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան) ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի հատկանիշներով (առևանգում) ու դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն որոշեց պայմանականորեն չկիրառել պատիժն ու նշանակեց 1 տարի փորձաշրջան:
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։