Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգություն են անցկացրել Երուսաղեմի, Կիլիկիո աթոռներից և Պոլսո պատրիարքությունից Հայաստան ժամանած հոգևորականները։ Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է եկեղեցում Սրբազանի քարոզն ու հղած ուղերձը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը։ Ուզում եմ, որ մենք վերստին հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա անկլավային տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն»,– ասել է սրբազանը։
Նա նշել է, որ աշխարհի տարբեր կողմերից հայ հոգևորականները մեր կյանքի ամենադժվար ու ամենաբարդ ժամանակներում Հայաստան են եկել` խորհելու, մտածելու, աղոթելու, միասին սիրո ճաշ բաժանելու, վերահաստատելու հավատարմությունը մեր Տիրոջ ուխտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր ազգային տեսիլքի նկատմամբ։
Նա շնորհակալություն է հայտնել այս երկար հոգևոր ճանապարհորդությա համար, որ հոգևորականները որոշել են գալ,իրենց աչքերով տեսնել և սրտով զգալ այս ժողովրդի տարիների համառությունն ու կամքը։ Նրա խոսքով` մեր ժողովուրդը ուխտ է կնքել չլքելու իր սրբությունները, շիրիմները և ժառանգությունը և արյունով գնված այս սրբազան երկիրը, որտեղ ավելի շատ արյուն է հեղվել, քան թե ջուր։
Սրբազանըհիշեցրել է, որ 7-րդ դարում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին մենք կարողացել ենք ետ բերել 1980-ականների վերջին։ Ու հիմա սա մեր գոյության վկայությունն է։
«Այստեղ ոստիկաններ են առևանգվել և սպանվել։ Այստեղ մեր հազարավոր հայրենակիցներ են զոհաբերվել։ Այս Սուրբ տաճարը դարձել է մեր սահմանագոտու արթուն հսկողը։ Քիչ վերն են մեր թշնամիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա»,– հավելել է Տավուշի թեմի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ մեր բոլորի մտածումների առանցքն այսօր Արցախն է։ Հատուկ շեշտել է, որ պատանդառված Արցախից Ոսկեպար է ժամանել նաև հայր Սահակը։
«Հայր Սուրբը, մի տեսակ, մեր ժողովրդին է բերել իր հետ։ Այն ժողովրդին, որ մեր ընդհանրական պատիվն է փրկում այսօր»,– ասել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք` Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որին մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։ Դրանից բացի, հունիսի 6-ին Հայաստան է ժամանելԿ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ Դրանից բացի, հովվապետական այցով Կանադա է մեկնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` նպատակ ունենալով նաև վերակազմակերպել սփյուռքի հայ օջախները` «Հզոր սփյուռք` հզոր Հայաստան և հզոր Արցախ» տեսլականով։