ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. ըստ էության` նրա և Գայանե Հակոբյանի` արդեն նախկին պաշտպանների դիրքորոշումը համընկել է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Արդեն հայտնել ենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողներին ասել էր, որ իրենց (պաշտպանների) և Գայանե Հակոբյանի միջև կա հակասություն, որը հիմնականում վերաբերում է պաշտպանական կողմի մարտավարությանը։
«Աշոտ Փաշինյանը կողմ է, որ Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ»,– ավելացրեց նա։
Լրագրողների դիտարկմանը` եթե Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից, ապա ընդունել է մեղադրանքը, Մելիքյանը պատասխանեց.
«Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։