ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այյսօր նշանակված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական հերթական նիստը։
Գործով կալանավորված Գայանե Հակոբյանի (նա 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է) պաշտպանական կողմին նիստից առաջ թույլ չէին տալիս մտնել դատարան։
Դատարանի կարգադրիչը Հակոբյանի պաշտպանական կողմին հայտնեց, որ դատարանի կազմը որոշում ունի դատական նիստը դռնփակ անցկացնելու։
«Դռնփակ նիստ անցկացնոլու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր, մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,– դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Ըստ նրա` դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը պետք է ներկայացներ կողմերին, ու փաստաբանները ևս պետք է դիրքորոշում հայտնեին։
Քիչ անց փաստաբաններին ներս թողեցին դատարան, լրագրողները, սակայն, նիստին ներկա չեն լինի։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։