Ադրբեջանի բնապահպանական կեղծ ահազանգերն անհիմն են․ ՇՄՆ-ն՝ մետալուրգիական գործարանի մասին

Տարածքը, որտեղ նախատեսվում է մետալուրգիական գործարանի շահագործումը, գտնվում է Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան, իսկ Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան՝ զրոյից։
«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող`Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ՀՀ-ն հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։
Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։
Ըստ «Հետք» պարբերականի` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեություն ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։