ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը դրական գնահատական նշանակելու համար ուսանողներից կաշառք է վերցրել։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ բացի կաշառք վերցնելուց, փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
«Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ամբիոնի վարիչ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Արթուր Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:
Նախքաննությունը շարունակվում է։