«Միստր սիդրի» թունավորումից արդեն 31 մարդ է մահացել. ՌԴ ԱՆ

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում սուրոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը կազմում է 97 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ռուսաստանում «Միստր սիդր» ըմպելիքից թունավորումից մահացածների թիվը հասել է 31-ի, ևս 66 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
«Այս պահին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում սուրոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը կազմում է 97 մարդ։ Արձանագրվել է մահվան 31 դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մահացու ելքով թունավորումները տեղի են ունեցել Ուլյանովսկի և Սամարայի շրջաններում: Մարդիկ սկսել են հիվանդանոցներ տեղափոխվել հունիսի 3-4-ին։ Բոլոր մահացածները մահվանից առաջ նույն խմիչքն էին օգտագործել՝ «Միստր սիդր» խնձորի ըմպելիք, որը վաճառվում էր գարեջրի երկու տեղական ցանցերում (դրանցից մեկը «Территория» ցանցն է):
Ավելի վաղ Սամարայի մարզում արտադրված խմիչքն օգտագործելուց հետո թունավորումով հիվանդանոցներ էին տեղափոխվել Ուլյանովսկի, Սամարայի և Նիժնի Նովգորոդի շրջանների, ինչպես նաև Ուդմուրտիայի բնակիչներ: Սիդրով թունավորման դեպք է գրանցվել նաև Չուվաշիայում: Եվս երեք կին տեղափոխվել են Պենզայի քաղաքային հիվանդանոցներ։
Զանգվածային թունավորում ՌԴ շրջաններում. ինչ է հայտնի այս պահին արտակարգ իրավիճակի մասին
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» որոշել էր առգրավել «Անդի» ընկերության ողջ արտադրանքը: Կազմակերպության սեփականատերը՝ 32-ամյա Անար Հուսեյնովը Սամարայի մարզից, նախկինում արդեն բռնվել էր չարտոնագրված ալկոհոլային արտադրանքի վաճառքի գործով, այդ ժամանակ նա ազատվել էր նախազգուշացումից հետո։ Այս անգամ նրան ձերբակալել են, Հուսեյնովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։