ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի N10 և N10/1 հասցեներում գտնվող վթարային շենքերի բնակիչները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ։
Հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին խնդրեց նախապատրաստել գերակա շահի մասին որոշման նախագիծ՝ ընդգծելով, որ «ամբողջ շենքի բնակիչները չպետք է պատանդ մնան մեկ-երկու բնակչի ձեռքում»։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ուղղակի ապշած ենք, թե ինչպես է Տիգրան Ավինյանը հայտարարում, թե շենքում 1-2 հոգի պատանդ են վերցրել մյուս բնակիչներին։ Այդ քաղաքապետարանն է տարիներ շարունակ մեզ բոլորիս պատանդ վերցրել և այս խնդրին արդար լուծում չի տալիս։ Մարդկանց առանձին առանձին մոտենում են, ասում են` բոլորը համաձայն են, դու համաձայն չես»,–ասաց շենքերից մեկի 36 տարվա բնակչուհի Ժաննա Խաչատուրովան։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Ժաննա Խաչատուրովան
© Sputnik / Aram Nersesyan
Մյուս բնակիչները ևս միացան տիկնոջ խոսքերին։ Նրանք պնդում են, որ երկու շենքերում ավելի քան 2 տասնյակ ընտանիքներ դեմ են բնակարանի գնման վկայականներ ստանալուն։
«Մենք այդ գումարով նույնիսկ խորդանոց չենք կարող գնել։ Եթե այս վթարային շենքից պետք է գնանք մեկ այլ վթարային շենք, իրենք էլ համարեն, որ խնդիրը լուծված է... Այստեղ մնալով` գոնե հույս ունենք, որ արդարություն կհաստատվի։ Մենք մեր բնակարաններին համարժեք բնակարան ենք ուզում. թող տան, ասեն` տեղափոխվեք»,–ասաց բնակչուհիներից Լուսինե Ջանիկյանը։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Լուսինե Ջանիկյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` 2019 թվականին իրենց խաբել են` ասելով, թե Էրեբունիում շենք են կառուցում և իրենց բնակարաններ կհատկացնեն։
«Շենքը հանձնեցին, իսկ մեզ բնակարաններ այդպես էլ չհատկացրին։ Ասում էին, թե շենքում խնդիրներ կան։ Եթե իսկապես կային, այլ մարդիկ ինչպե՞ս են այնտեղ ապրում»,–ասաց Ջանիկյանը։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
© Sputnik / Aram Nersesyan
Բնակիչները կարծում են, որ իրենք խաբված են։ 3 տարի առաջ քաղաքապետարանը նրանց առաջարկել է ժամանակավորապես տեղափոխվել վարձով բնակարաններ այն պայմանով, որ տարվա կտրվածքով 6 ամիս բնակիչները վարձը կվճարեն, մյուս 6 ամիսը` քաղաքապետարանը։
«Մենք վստահ չէինք, որ այս շենքը մեր դուրս գալուց 6 ամիս հետո չեն քանդելու։ Մենք ումի՞ց պետք է փոխհատուցում կամ ամենամսյա վարձավճար ուզեինք։ Մենք այս կառավարությանը չենք վստահում»,–ասաց մեկ այլ բնակիչ։
Խնդիրն այն է, որ շենքերի բնակիչների մեծ մասն արդեն բնակարաններ ստացել են և տեղափոխվել, սակայն 4-րդ կարգի վթարային երկու շենքերում դեռ բնակիչներ են ապրում։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բակը
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի քաղաքապետարանը նրանց առաջարկում է բնակարանի գնման վկայականներ 1 ք/կմ-ի համար 402 հազար դրամ սահմանաչափով։
Բնակիչները համաձայն չեն բնակարանի գնման վկայականներին, նրանք համարժեք բնակարան են ուզում, ինչպես տարիներ շարունակ իրենց խոստացել են։
Նրանք պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել և քաղաքապետարանին ցույց տալ, որ բնակիչներից 1-2–ը չէ, որ համաձայն չեն առաջարկված պայմանների հետ։ Մտադիր են քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույցեր սկսել իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
«Այս շենքերը գերակա շահ չեն ճանաչվելու, մենք դա թույլ չենք տա։ Մենք այս շենքերի բնակիչներ ենք և սեփականության վկայականներ ունենք»,–ասացին բնակիչները։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչներ
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր բնակիչների հետ շատ երկար բանակցություններ չվարել, այլ ընդունել գերակա շահի որոշում ու համապատասխան միջոցներ ձեռնարկել։