ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանում պետություն-մասնավոր հատված գործընկերության տեսանկյունից: Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Սոչիում ընթացող «Եվրասիական կոնգրեսի» շրջանակներում լրագրողներին ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
«Մենք երկու հավանական գաղափար ունենք։ Մեկը տրանսպորտային միջանցքն է, իսկ երկրորդը կապված է նրա հետ, որ Հայաստանը ներկայումս մեծացնում է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ դեպի Իրան վերաարտահանման ներուժով։ Համապատասխանաբար կարող է ստեղծվել էլեկտրաէներգիայի արտահանման գծերի կառուցման անդրսահմանային նախագիծ»,-նշել է Վինոկուրովը։
Միաժամանակ անդրսահմանային պետություն-մասնավոր հատված համագործակցության համար 2 երկիր է հարկավոր, համապատասխանաբար, Հայաստանի համատեքստում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել կամ Իրանի, կամ Վրաստանի հետ։ Եթե երկու երկրների հետ պայմանավորվածություն լինի, ապա այդ համագործակցությունը կարող է ձևավորվել նաև Հայաստանում։
Ինչ վերաբերում է տրանսպորտային թեմային, ապա առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետի խնդիրները։ Այս տեսանկյունից Վինոկուրովը հույս ունի, որ անցակետի թողունակության ընդլայնման ներդրումային նախագիծը, որի մասին հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանին և Հայաստանին կօգնի կապվել առավել հուսալի տրանսպորտային կառույցով:
Հունիսի 8-ին Սոչիում սկսվել է «Եվրասիական կոնգրես-23»-ը: Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների իշխանությունների, բիզնեսի, գիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչները:
Քննարկման գլխավոր թեման Եվրասիական տարածքի ապագան է, անդրսահմանային պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, պարենային անվտանգությունը, ջրային ռեսուրսներով ապահովվածությունը, ներդրումների և կապիտալի աճի հնարավորությունները: