ԱԱԾ ծառայողներն արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան

ԱԱԾ
Ծրագիրը կմեկնարկի 2024 թվականից։ ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով կպահանջվի տարեկան շուրջ 157 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող, 2019թ–ին ընդունված որոշումը, որտեղ շահառուների ցանկում ավելացվել են նաև ԱԱԾ աշխատակիցները։
ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Ինչպես կառավարության նիստում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, որոշման նպատակն է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել բացառապես ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվող անձանց բնակարանային խնդիրը։
«Ծրագրի շրջանակում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը»,– հայտնեց Հարությունյանը։
ԱԱԾ–ի հաշվարկներով` ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով կպահանջվի տարեկան շուրջ 157 մլն դրամ։
Ծրագիրը կմեկնարկի 2024 թվականից, ֆինանսական հատկացման առաջարկը ԱԱԾ–ն գործադրին կներկայացնի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում։
Հիփոթեքային վարկավորման աջակցության ծրագիրը կրկնակի գերազանցել է նախատեսված միջոցները