Սահմանին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում արձագանքում ենք. փոխնախարար

Սոթք. Արխիվային լուսանկար
ՀՀ պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց սահմանային լարվածության դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, որ Տեղ գյուղի որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել` չհստակեցնելով, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:
«Այդ մասին ես նույնպես լսել եմ ու այդ մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ… Այդ թեմային, սակայն, ցանկալի չէ, որ ես անդրադառնամ ու որևիցե մեկնաբանություն տամ։ Թեման մի քիչ զգայուն է»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա փոխնախարարը նշեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում են։
«Երեկ կրակոցներ եղել են, հաղորդագրություն եղել է»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ` հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: