Տեխնոլոգիական նվաստացման նոր ակտը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին վերադարձնում է բազմաբևեռ աշխարհի դաժան իրականություն, որում այլևս հնարավոր չէ ագրեսիվ «հեգեմոնի» անպատիժ գոյությունը՝ սեփական շահադիտական «կանոններով»:
Թեհրանը հունիսի 6-ին պաշտոնապես ներկայացրեց «Ֆաթթահ» (պարսկերենից թարգմանաբար՝ «Հաղթանակ») գերձայնային բալիստիկ հրթիռը՝ 1400 կմ հեռահարությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը մայիսի 29-ին հաջողությամբ ավարտեցին փորձարկումները:
Իրանական առաջին գերձայնային հրթիռի ստեղծման մասին տեղեկությունը հայտնվել էր 2022 թվականի նոյեմբերին, և այն ժամանակ Պենտագոնում չէին կարողանում հավատալ դրան։ Երեկ IRNA գործակալության հրապարակած տեսանյութը (https://t.me/Irna_ru/8196) համոզիչ կերպով հաստատեց տեխնոլոգիական առաջատարությունն ու ավելի քան 44 տարի Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների ճնշման տակ գտնվող երկրի ազգային ինքնիշխանությունը։
Իրանը գերձայնային ակումբի չորրորդ անդամը դարձավ Ռուսաստանից, Չինաստանից, Հյուսիսային Կորեայից հետո։ Այս փաստը սառեցնում է Եվրոպայում և Ասիայում անբարյացակամ հարևանների տաք գլուխները, մեծացնում է Թեհրանի աշխարհաքաղաքական կշիռը այլ մայրցամաքներում։
Իրանական պաշտպանական ներուժը նախկինում էլ անպատժելիություն չէր խոստանում ասիական տարածաշրջանում (Պենտագոնի բազաներին) գտնվող ագրեսորներին։ Իրանի սահմանների մոտ տեղակայված ՀՕՊ-ՀՀՊ դիրքերը՝ ամերիկյան Patriot ԶՀՀ-ի հիմքով, նախատեսված են մինչև 5 Մախ արագություն ունեցող թիրախները որսալու համար։
Անորսալի, մինչև 15 Մախ (ավելի քանի 17 հազար կմ/ժամ) արագությամբ թռիչքի մեջ մանևրող «Ֆաթթահ» հրթիռի հեռահարությունը (1400 կմ) ԻՀՊԿ-ին թույլ է տալիս ընդամենը 6 րոպեում խոցել Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ երկրների տարածքում գտնվող հակահրթիռային համակարգերն ու այլ կարևոր թիրախներ։
Իհարկե, Թեհրանի գլխավոր նպատակը տարածաշրջանային խաղաղությունն է ու կայունությունը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ ընդգծել է ազգային առաջնահերթությունները․ «Մենք հրթիռ ենք ստեղծել, որպեսզի թշնամիները չհարձակվեն մեզ վրա, որպեսզի մենք ունենանք մի ուժ, որը թշնամիների գլխում ագրեսիայի մասին որևէ միտք թույլ չի տա»։ Դա ճիշտ է. բարին պետք է բռունցքներով լինի:
Տեխնիկական բնութագրեր և հեռանկարներ
«Ֆաթթահ» բարձր ճշգրտության հրթիռը երկրորդ աստիճանի պինդ վառելիքի շարժիչի շնորհիվ կարող է մինչև 15 Մախ արագության պարագայում մանևրել մթնոլորտում և դրա սահմաններից դուրս՝ հավանական հակառակորդի ՀՕՊ-ՀՀՊ դիրքային շրջանները հաղթահարելու համար։ Մարտավարական հնարավորություններն ընդլայնվել են կորպուսի կառուցվածքում ածխածնային մանրաթելերի կիրառման հաշվին, որոնք արդյունավետ կլանում են ռադարային ալիքները և նվազեցնում հրթիռային շարժիչի ինֆրակարմիր ճառագայթումը:
Իրանցի մասնագետները կարծում են, որ «Ֆաթթահը» սովորական թիրախները ոչնչացնելու համար օգտագործելու կարիք չկա, գերձայնային հրթիռները նախատեսված են պաշտպանական և կառավարման համակարգերը չեզոքացնելու և ոչնչացնելու համար, իսկ մնացածը կանեն սովորական բալիստիկ հրթիռներն ու հարվածային անօդաչու թռչող սարքերը: Իրանի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները նշում են հրթիռային սպառազինության շարունակական տեխնոլոգիական զարգացումն ու արդիականացումը:
Գերձայնային «Ֆաթթահը» երկրորդ նոր հրթիռն է, որը վերջին ամիսներին ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ավելի վաղ հաջողությամբ փորձարկվել էր Khorramshahr-4 միջին հեռահարության բալիստիկ հրթիռը՝ մինչև 2000 կմ հեռահարությամբ և մարտական մասի 1500 կգ զանգվածով: Khorramshahr-4-ում հեղուկ հրթիռային վառելիքի «պատիճային» պահեստավորումը թույլ է տալիս այն գործարկել ամենակարճ ժամկետում:
Իրանը գիտակցաբար կենտրոնացել է հարվածային դրոնների և հրթիռների մշակման և թողարկման վրա, քանի որ մարտադաշտում մեծանում է սպառազինության «խելացի» (անօդաչու) համակարգերի նշանակությունը: Բացի այդ, հզոր հրթիռները զգալիորեն ավելի էժան են, քան չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչները։
Տարբեր երկրների հրթիռային ոլորտի մասնագետների ուշադրությունը գրավում են նաև մինչև 500 կմ հեռահարությամբ իրանական «Ֆաթեհ-110» (Fatih-110), «Զոլֆագար» (Zulfiqar)՝ մինչև 700 կմ, «Դիզֆուլ» (Dezful)՝ մինչև 1000 կմ, «Խորեմշեհր»՝ մինչև 2000 կմ հեռահարությամբ հրթիռները: Իրանական արտադրության ևս մեկ եզակի հրթիռ է քիչ նկատելի «Քիամ-1»-ը (Qiam-1)՝ մինչև 8000 կմ հեռահարությամբ, 750 կգ մարտական բեռնվածությամբ (առանձնացող բլոկներ): «Քիամ-1»-ի խելացի ուղղորդման համակարգը աշխարհում նմանը չունի, իսկ գործարկիչը կարող է լինել հորատանցքային, շարժական, ինչպես նաև տեղակայվել նավերի և սուզանավերի վրա:
Ամերիկացիները դեռ 10 տարի առաջ էին ճանաչել Իրանի ռազմածովային ուժերի հականավային հրթիռների՝ 20-ից մինչև 300 կմ հեռահարությամբ С-601-ի, C-701-ի, C-704-ի, С-802-ի, Nasr-1-ի և Noor-ի, ինչպես նաև Khalij Fars-ի բարձր արդյունավետությունը։ Իրանական հրթիռների հեռահարությունը, ճշգրտությունն ու հզորությունը անընդհատ աճում են։ Նման զենքի բախվելով իրական կյանքում (Իրանի հարվածը Իրաքում Պենտագոնի բազային 2020 թվականի հունվարի 8-ին՝ ամերիկացիների կողմից ԻՀՊԿ ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո)` Վաշինգտոնն օրինաչափորեն «հետ քշվեց» Թեհրանի հետ հակամարտության մեջ։
Ասիայի ռազմաքաղաքական իրադրության վրա Իրանի ռազմական հզորության ազդեցությունը, անկասկած, բարենպաստ է և մշտական (բավական է հիշել Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունների «անհավանական» կարգավորումը մարտ ամսին)։ Օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Իրանի տնտեսությունը (ռազմարդյունաբերական համալիրը) հենվում է Ռուսաստանի և Չինաստանի վրա: Փոխկախվածությունը, հաշվի առնելով ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեմ պարբերաբար կիրառվող պատժամիջոցները, միայն աճելու է։ Իսկ Իրանում հրաշալի կրթական համակարգ կա, որը գրավում է 42 երկրի ուսանողներին, զարգացած ՏՏ ոլորտ կա։ Ամուր գիտաարդյունաբերական բազան գերձայնային մրցավազքում հաջողության հիմքն է։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։