ՀՀ–ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սոչիում
Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը հունվարից ապրիլ աճել է 96 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ–ում աշխատում է ռուսական 4 500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն այսօր ավելի, քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկու երկրների վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։
«Հունվարից ապրիլ երկու երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը աճել է 96 տոկոսով, որը կազմում է 140 մլրդ ռուբլի կամ ավելի, քան 660 մլրդ ՀՀ դրամ։ Իհարկե, կարևոր է պահպանել դրական այս դինամիկան և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ նոր ռեկորդներ սահմանել»,– ասաց ՌԴ վարչապետը։
Ուրախ եմ, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին
Նա նաև հայտարարեց, որ երկու երկրների առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցությունն ակտիվորեն և դինամիկ զարգանում են` ի հեճուկս ոչ բարեկամ երկրների ապօրինի տնտեսական պատժամիջոցներին։ Միշուստինի խոսքով` անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները` մեծացնելու առևտրաշրջանառությունը, ներդրումները։ ՌԴ վարչապետն ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, հանքաարդյունաբերության և ագրարային գյուղատնտեսության ոլորտներում։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև միջմարզային համագործակցությանը։ Այժմ ՀՀ և ՌԴ համապատասխան կառույցների միջև կա ուղիղ կապ և Հայաստանում այս ընթացքում կազմակերպվել է 24 բիզնես–հանդիպում։ Ես վստահ եմ` այն որոշումները, որոնք մենք կկայացնենք այսօր Սոչիում, կտան նոր իմպուլսներ տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի համար»,– ընդգծեց նա։
Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղած պայմանավորվածության համաձայնության` աշխատանքներ են իրականացվում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ` ստեղծելով ենթակառուցվածքային նոր երթուղիներ։