«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին գորշ արջերի են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։
Կադրերում երևում է, թե ինչպես է մայր գորշ արջն իր երկու քոթոթների հետ շրջում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։
Զվարճալի տեսանյութը շատ է դուր եկել օգտատերերին, որոնք ակտիվորեն տարածում են այն։
Նշվում է, որ գրոշ արջերը Հայաստանում սովորաբար ծնունդ են տալիս 1-3 քոթոթի և հիմնականում դեկտեմբերի վերջից հունվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում։
Նշենք, որ հունվարին արգելոցի տեսախցիկները հերթական արջին էին ֆիքսել։ Չնայած ձմեռային սեզոնին, արջը բավականին ակտիվ էր։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։