Երևան-Սևան ավտոճանապարհին BMW–ն գլորվել է ձորը․ վարորդի դին գտել են մեքենայի մոտակայքում

Նշվում է, որ 38-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան–Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 38-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշում է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է հունիսի 7-ին, ժամը 12:48-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և մոտ 50 մ գլորվել ձորը։ Վարորդը մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳ նախարարությունից նաև հայտնում են, որ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայի մոտակայքում։
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները