ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստության», - ասել է Ռիտերը:
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:
«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։
Առաքելությունը, որի շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: