Դեբետում 11-ամյա աղջնակը «թաքնվոցի» խաղալիս է կպել էլեկտրալարին և հոսնաքահարվել. ՔԿ

Լոռի. Արխիվային լուսանկար
Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Դեբետ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ Լոռու մարզի Դեբետ գյուղում հունիսի 6–ին 11-ամյա աղջնակը հոսանքահարվել է և մահացել։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ հունիսի 6–ին, ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբետ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ կյանքից զրկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ: