ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն ու առկա խնդիրները քննարկել են ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ այդ անվտանգային խնդիրները հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:
«Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և հանձնառությունները կատարելու հրամայականը»,– ասել է Միրզոյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանը Ռոթի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:
Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում:
Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:
Հիշեցնենք` Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: