Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկություն է տրամադրել 2 հայ զինծառայողների վերաբերյալ

ՀՀ-ն ՄԻԵԴ–ին կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տեղեկություն է տրամադրել 2 հայ զինծառայողների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև հունիսի 16-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին: