Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտել

Պաշտոնատար անձի որդուն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կալանավորել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik.Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան»,–գրում է թերթը:
«Ժողովուրդը» գրում է նաև, որ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, լրատվամիջոցը չի հայտնել նախաքննությանը չվնասելու համար։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել, որը Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Պարզվեց` 1 տոննա կոկաինի հասցեատերը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Շատ չանցած Պողոսյանը հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել, ապա նաև տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է «Մրգենի» ՍՊԸ աշխատակիցը բանանի արկղի մեջ պատահաբար կոկաին հայտնաբերում։
Դրանից հետո հայտնի դարձավ ևս մեկ թմրամիջոցային պատմություն. լրատվամիջոցները գրեցին, որ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
Քյարամյանը պաշտոնից ազատել է Արաբկիրի քննչական բաժնի պետին ու նրա 2 տեղակալներին