ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նշվում է, որ վարչապետը կարևորել է տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս հանդիպման առանցքում ևս տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր են եղել։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
© Photo : official site of MFA of RA
Ինչպես արդեն հայտել ենք, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այսօր հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Նշենք, որ Կլաարը հունիսի 5-ին Twitter–ի իր էջում հայտնել էր, որ Երևան է գալիս` ԵՄ - ի բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար։ Սա արդեն Տոյվո Կլաարի` այս տարի Հայաստան կատարած 4–րդ այցն է։ Նա Հայաստանում է եղել նաև մարտին, փետրվարին և հունվարին։