Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ

Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում. Արխիվային լուսանկար
Մարզպետը նշեց, որ Իրանի հետ ներկայում ծրագրերի լայն շրջանակ է համաձայնեցվում, և քննարկումներն արդեն ավարտական փուլում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։
«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։
Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։
Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։
Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։