ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ ռուսական ռազմաբազայի բանակային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուները ավիաբազայի հրամանատարից առաջին թռիչքային առաջադրանքներն են ստացել նոր ուսումնական շրջանում հատուկ պարապմունքի շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
««Էրեբունի» ավիաբազայի հրամանատարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների և ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների անձնակազմերի հետ անցկացրել են պարապմունք, որի շրջանակներում զինծառայողների համար հնչեցվել են ուսումնամարզական թռիչքների ժամանակ վարժվելու խնդիրներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Օդերևութաբանական ծառայության սպաները զեկույցով հանդես են եկել եղանակային իրավիճակի՝ քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի, խոնավության մակարդակի և այլնի վերաբերյալ, թռիչքային հերթափոխերի ապահովման և ինժեներատեխնիկական սպասարկման խումբը հրամանատարությանը զեկուցել է մարտական մեքենաների մեկնումների և թռիչքուղու նախապատրաստման առաջադրանքների կատարման մասին:
Ուղղաթիռների անձնակազմերի առաջ հրամանատարությունը խնդիր է դրել մշակել թռիչքները բարձրլեռնային գոտում, կատարել զինծառայողների պայմանական որոնում և տարհանում լեռնային կիրճերում և վայրէջք կատարել անպատրաստ վայրում: Բացի այդ, առաջիկա պարապմունքներում կստուգվի անձնակազմի ներդաշնակության ուսուցումը ուսումնական առաջադրանքների կատարման ժամանակ։
Օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուները նաև առաջադրանքներ են ստացել հաջորդ ուսումնամարզական թռիչքների համար: