Երևանի խցանումների խնդիրը որոշ չափով կլուծեն նոր ճանապարհները. քաղաքապետի պաշտոնակատար

Երևան քաղաքի խցանումների խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ձգտում է տրամաբանական արվարտին հասցնել նաև տրանսպորտի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Նոր ճանապարհաշինությունը կարող է որոշ չափով լուծել խցանումների հարցը։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
«Այստեղ կարևոր է այն, որ մենք տրամաբանական արվարտին պետք է հասցնենք նաև տրանսպորտի հարցը։ Ժամանակին մասնավոր կազմակերպությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսները նախատեսված էին 10-15 ուղևոր տեղափոխելու համար, թեև, փաստացի, ավելի շատ ուղևոր էին տեղափոխում անհարմարավետ պայմաններում։ Մինչդեռ վերջին հինգ տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 563 նոր շարժակազմ»,– հավելեց քաղաքապետի պաշտոնակատարը։
Ըստ նրա` այս բարեփոխումները հնարավորություն կտան թեթևացնել հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Այսպիսով, Լևոն Հովհաննիսյանի համոզմամբ, կկարողանան Երևանի քաղաքացիներին առաջարկել սեփական մեքենաների դիմաց ավելի հարմարավետ հասարակական տրանսպորտ, որը կերթևեկի առանձին գծով և որի շնորհիվ քաղաքացին վարչական մի շրջանից կենտրոն ավելի շուտ կհասնի, քան մեքենայով։
15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երևանում են
«Դրան կգումարվեն նաև ճանապարհաշինության ծրագրերը։ Ամենախոշոր ծրագիրն այս պահի դրությամբ Ասիական զարգացման բանկի հետ ենք իրականացնում, որը միավորելու է Մոնթե Մելքոնյանև Արշակունյաց փողոցները։ Դա լինելու է արդեն իսկ կառուցված ճանապարհի շարունակությունը Իսակովի պողոտայի հատվածից։ Ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար»,– նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` մայիսի 15–ին Երևանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն ասել էր, որ Երևանում գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «Գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչի շնորհիվ երթևեկությունը համեմատաբար կթեթևանա։