Դառն իրականությունից փախչելու հայկական ձև. գայթակղիչ «եթե»-ների թագավորությունում ենք

Էսպես չէր լինի, եթե ժամանակին իրականացնեինք այն, ինչ ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը… Էսպես չէր լինի, եթե հինգ տարի առաջ թույլ տայինք Սերժ Սարգսյանին վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը...
Sputnik
Օրերս այս պնդումներին ավելացավ նաև Վարդան Օսկանյանի հավաստիացումը՝ էսպես չէր լինի, եթե դիվանագիտական հմտություններին այդքան անտեղյակ չլիներ Հայաստանի վարչապետը։ Նկատեցիք, չէ՞. եթե, եթե, եթե… Ախր, հրաշալի գիտենք, որ պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց դառն իրականությունից փախչելով, հայտնվել ենք հենց «եթե»-ների թագավորությունում, որտեղ ամեն ինչ լավ մտածված է, շատ հստակ և ամենագլխավորը՝ շրջապատված ես համախոհներով, որոնք պատրաստ են ոչնչացնել ցանկացածին, ով կփորձի կասկածի տակ առնել այն գայթակղիչ «եթե»-ները, որոնց դուք անվերապահորեն հավատում եք։
Օրինակ, դեռ 90-ականներին Հայաստանի առաջին նախագահը համոզված էր՝ միջնորդները հայկական կողմին ավելի լավ բան չեն առաջարկի, քան այն, ինչ առաջարկել էին 1997 թվականին։ Այսինքն, Արցախը Ադրբեջանին էր հանձնելու 7 շրջան՝ Լաչինի միջանցքը թողնելով Հայաստանի հետ հաղորդակցվելու համար։ Գալու էին միջազգային խաղաղապահներ։ Արցախը ստանալու էր ինքնավարության կարգավիճակ՝ իր ազգային գվարդիայով, սահմանադրությամբ և օրենքներով, որոնք Արցախի տարածքում գերակայելու էին Ադրբեջանի օրենքների նկատմամբ։ Իսկ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում էր ապագայի համար՝ չհստակեցնելով դրա որոշման սկզբունքները։
Մի խնդրանք ունեմ՝ եկեք չվիճենք, պարզապես առանց առարկության ընդունենք, որ շատ լավ ծրագիր էր, և եթե իրագործվեր, մենք հիմա կապրեինք ոչ թե «եթե»-ների թագավորությունում, այլ բոլորովին այլ Հայաստանում ու Արցախում, որտեղ լուծված են անվտանգության բարդ խնդիրները, բաց են բոլոր սահմանները, ղարաբաղցիները հանգիստ ապրում են իրենց տներում, իսկ հարևանների հետ հարաբերությունները ջերմ են ու բարիդրացիական։ Եվ անցնենք առաջ։ 2018 թվական։
Հրաժարական տված Սերժ Սարգսյանը բացատրեց, որ վարչապետ էր ուզում դառնալ միմիայն այս ծրագիրն իրականացնելու համար. Ադրբեջանը ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի բնակչությունը՝ առանց հանրաքվեի կոնկրետ ժամկետի։ Ադրբեջանին էին վերադարձվում 5 շրջանները։ Իսկ մնացած երկուսի՝ Լաչինի ու Քելբաջարի վերադարձը, ըստ Սերժ Սարգսյանի, սերտորեն կապված էր լինելու հանրաքվեի անցկացման ժամկետների հետ։ Կներե′ք, էլի՝ նույն խնդրանքը. եկեք վիճաբանություն չծավալենք, անցնենք առաջ։ Մեր օրեր։
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ բացասական է գնահատել վարչապետի մասնակցությունը Էրդողանի պաշտոնադրման արարողությանը։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ իրադարձությանը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանում, համոզված լինելով, որ դրա ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների վրա, իմ սուբեյկտիվ կարծիքով, բացարձակ զրո է։
Շատ ավելի հետաքրքիր է Վարդան Օսկանյանի այս պնդումը, մեջբերեմ. «Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե վարչապետը դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կիլոմետրանոց Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով, գրել է նախկին արտգործնախարարը։ Եվ կրկին՝ այդ նույն չարաբաստիկ «եթե»-ն։ Մարդ մտածում է՝ ինչ հոյակապ ապագա կունենայինք, եթե մեր տարբեր ղեկավարների բազմաթիվ «եթե»-ներից գոնե մեկը իրականություն դառնար։
29 800 ք/կմ, 12 տոկոս տնտեսական աճ, 4 000 զոհ. Հայաստանը թվերի երկիր է դարձել
Գրեթե հարյուր տարի առաջ՝ 1931 թվականին, լույս տեսավ մի շատ հետաքրքիր գիրք, որտեղ հայտնի պատմաբանները, գրողները և քաղաքական գործիչները, այդ թվում՝ հանրահայտ դետեկտիվների հեղինակ Գիլբերտ Չեսթերթոնը և Ուինսթոն Չերչիլը, դիտարկում էին, թե ինչ կարող էր պատահել, եթե այս կամ այն պատմական զարգացումն այլ ուղղությամբ ընթանար։ Օրինակ, ինչ կլիներ, եթե Նապոլեոնը փախչեր Ամերիկա, Աֆրիկայի սևամորթները գրավեին Իսպանիան, լորդ Բայրոնը դառնար Հունաստանի թագավոր և այլն։ Պարզապես գրքի հրատարակիչներն էլ էին զգուշացնում՝ այս գեղեցիկ պատմություններն ու ակնարկները որևէ գիտական, պատմական հիմք չունեն, հմայիչ մտավարժանքի նման մի բան են, լուրջ մի′ ընդունեք, ուղղակի կարդացեք հաճույքի համար։
Խոստովանեմ, երբեմն մեր նախկին ու ներկա ղեկավարների և նրանց հավատարիմ հետևորդների «եթե»-ները հենց այդպես էլ ընկալում եմ՝ միգուցե դժվար իրականանալի են, բայց ախր շատ գայթակղիչ պատկեր են ուրվագծում։ Համաձայն չե՞ք։