ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Վարդավառի լճում այսօր անկած ձկներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մասնագետները տեղում պարզել են, որ լիճն ամբողջությամբ փառակալած է։ Դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները լճում հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
Վարդավառի լիճը
Իրավիճակը, սակայն, այլ կերպ է ներկայացրել shamsyan.com կայքը։ Լրատվամիջոցը գրում է, որ վաղ առավոտյան քաղաքացիները Վարդավառի այգում (ժողովրդին հայտնի է որպես «Թոխմախ գյոլ») հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով դեպքի վերաբերյալ շրջանառվող վարկածներին`ասաց` չի բացառվում, որ ձկների անկումը կարող է հոսանքահարումից լինել կամ քլորի ավելցուկից, թեև դա շատ դժվար կլինի պարզել։
«Վարկածներից ավելի հավանականը կարող է լինել այն, որ ինչ–որ թունավոր նյութ է լիճ լցվել, դրա համար պետք է ջրի, ձկան քիմիական անալիզ արվի»,– կարծում է Գաբրիելյանը։
Նա նշեց, որ, օրինակ, թթվածնի պակասից ձկներն այդպես միանգամից չէին սատկի։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ՊՈԱԿ–ի աշխատակիցներն արդեն դեպքի վայրում են։
Նրանք իրականացրել են դաշտային հետազոտություն, ջրի հատակային մասի նմուշառում են վերցրել` լաբորատորիայում փորձազննում իրականացնելու նպատակով։
Վարդավառի լիճը
«Այս պահին նախնական վարկած դեռ չկա։ Ինչ վերաբերում է անկած ձկների թվին, ապա այդ մասին ևս տվյալներ չունենք»,– վստահեցրեց ՇՄՆ խոսնակը։
Նա նշեց, որ փորձաքննության պատասխանները պատրաստ կլինեն վաղը` հունիսի 6–ին։