ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները արդարադատության նախարարությունում քննարկում են գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործը: Տեղեկությունը հայտնում Washington Post թերթը։
Պարբերականի տվյալներով, որը հղում է անում իրազեկ աղբյուրին, նախկին նախագահի փաստաբաններն այսօր առավոտյան ժամանել են արդարադատության նախարարություն, որ համոզեն իշխանությանը մեղադրանք չառաջադրել իրենց հաճախորդին:
Մայիսին Թրամփի փաստաբանները երկրի գլխավոր դատախազին ուղղված պաշտոնական նամակի միջոցով հանդիպում էին խնդրել քննիչի հետ, որը զբաղվում է գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման գործով:
Գաղտնի փաստաթղթերի պահպանման օրինականության վերաբերյալ հարցերը վերաբերում են ամերիկյան մի շարք քաղաքական գործիչների: Այսպես, գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են ոչ միայն Ֆլորիդայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր կալվածքում, այլև նախկին փոխնախագահ Մայք Փենսի մոտ, ինչպես նաև ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի երկու տներում ու մասնավոր գրասենյակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդարադատության նախարարությունն ավարտել է Փենսի կողմից գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործով հետաքննությունը և որոշում է կայացվել նրա դեմ որևէ մեղադրանք չառաջադրել: