ՀՀ ԱԳ փոխնախարարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ի շուրջ վերջին զարգացումները

Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ–լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռիգայում քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին»,–նշվում է հաղորդագրությունում։
Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։
Միևնույն ժամանակ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։
Փաշինյանը սխալ պատկերացումներ ունի, կամ ինչպես Արցախը դարձավ «ժողովրդավարության» զոհ
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը։