ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը դեպի Եվրոպա թռիչքներ է իրականացնում`օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը, սակայն թռիչքները հայկական ինքնաթիռներով չեն իրականացվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասուլիսում հայտնել էր, որ եվրոպական գործընկեր ավիաընկերությունների ավիացիոն գործիքակազմի կիրառմամբ կարողացել են անել այնպես, որ բոլոր ուղևորները հասնեն իրենց նշանակման վայրերը։
Միաժամանակ նա հայտարարել էր, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում անհնար է շրջանցել Թուրքիայի օդային տարածքը։
«Թռիչքներն իրականում կազմակերպվում են Թուրքիայի օդային տարածքով, բայց ոչ թե հայկական գրանցում ունեցող օդանավերով, այլ օտարերկրյա»,–հայտնեցին քաղավիացիայի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք` ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ.
Ավելի ուշ պաշտոնական Անկարան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի բերանով, պահանջել էր ապամոնտաժել Երևանում տեղադրված հուշարձանը։
«FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։