ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Երկրագնդի վրա գերազանցվել է պլաստիկ թափոնների և շրջակա միջավայրի քիմիական աղտոտման «մոլորակային սահմանը», ինչը փաստացի անդառնալի վնաս է հասցնում կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։ Այս մասին ասված է զեկույցում, որը Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրապարակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։
«Պլաստմասսա. բնությունից դեպի մարդիկ։ Գործելու ժամանակը» վերնագրով փաստաթղթում կոչ է արվում շտապ միջոցներ ձեռնարկել աղբի առանձին հավաքումը առավելագույնի հասցնելու համար` սպառողական պլաստիկ թափոնների առավել ամբողջական ուտիլիզացիայի և վերամշակման նպատակով:
«Պլաստմասսայի անընդհատ աճող արտադրության պայմաններում պլաստիկի ուտիլիզացիան այսօր շարունակում է ծայրաստիճան անարդյունավետ մնալ. աշխարհում դրա վերամշակման մակարդակը 10%-ից պակաս է։ Արդյունքում տարեկան մինչև 22 միլիոն տոննա պլաստիկ թափոն է հայտնվում ծովային միջավայրում, մոտավորապես նույն քանակությամբ էլ ցամաքում է մնում։ Բացի այդ, պլաստմասսայի արտադրությունը ներկայում ստեղծում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտավորապես 3,7%-ը, և, ըստ կանխատեսումների, այդ թիվը մինչև 2060 թվականը կարող է աճել մինչև 4,5%»,-ասված է զեկույցում:
Եթե այս միտումը չփոխվի, պլաստմասսայից արտադրանքի արտադրությունը կարող է եռապատկվել մինչև 2050 թվականը, ինչի արդյունքում շուրջ 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոններ կհայտնվեն բնական միջավայրում: Այս դեպքում ծովում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձուկ, զգուշացնում է WWF-ն։