Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հունիսի 6–ին գրաֆիկը կփոխվի

Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։
«Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին»,–նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն սովորական ռեժիմով աշխատում է ժամը 07։00–23։00–ն։
Հավելենք` Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին` ժամը 20:00-ից սկսած, Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված են «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները։
Մինչ օրս նույն սարսափելի երազն եմ տեսնում. Ալեքսեյ Ռիբնիկովի հուշերն Արամ Խաչատրյանի մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այսօր որոշվել էր` հաշվի առնելով միջոցառումների հանդեպ հանրության հետաքրքրությունը և ակնկալվող հանդիսատեսի քանակը, ապահովել հասարակական տրանսպորտի լրացուցիչ շարժակազմեր, իսկ մետրոպոլիտենի աշխատանքը սահմանել մինչև ժամը 01.00–ը։