ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է սահմանից առևանգված երկու հայ զինծառայողներին:
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
ԱՊԱ-ի փոխանցմամբ ՝ Ալիևան ծանոթացել է հայ զինվորների պահման պայմաններին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ունեցել։
Նշվում է, որ նրանց «բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։