Վթարի ենթարկված ըմբիշներից 8–ամյա Սարգիսը գիտակցության չգալով՝ մահացել է

Արխիվային լուսանկար
Վթարից տուժած մյուս երկու երեխաները վերակենդանացման բաժանմուքում են. մեկի մոտ դրական տեղաշարժ կա, մյուսը կոմայի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը` Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Երեխան, որը գտնվում էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով մահացել է հունիսի 3-ին»,–հայտնեցին հիվանդանոցից։
Ըստ տեղեկությունների՝ մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, վթարից տեղում մահացած 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։
Հիվանդանոցից նաև հայտնեցին, որ մյուս երկու երեխաները վերակենդանացման բաժանմուքում են, մեկի մոտ դրական տեղաշարժ կա, մյուսը կոմայի մեջ է։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին մահացավ ավտովթարից տուժած երեխաներից մեկը` 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Ավելի վաղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց մոտ գտնվող, վթարից տուժած մեծահասակներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին սպառնացող վտանգը չի վերացել։ Մյուս մեծահասակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է։
Հիշեցնենք` մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհին բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։ Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել էր, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: