Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Գրիգորյան

Արխիվային լուսանկար
Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի, և լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Երևանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
«Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարևոր է», - ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։