Հնդկաստանում խոշոր երկաթուղային վթարի պատճառը եղել է էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, հայտնել են տեղական իշխանությունները:
«Մենք պարզել ենք միջադեպի պատճառն ու դրա համար պատասխանատու անձանց»,- ասվում է երկաթուղային անվտանգությամբ զբաղվող գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։ Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։ Վերջին տվյալներով Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել ավելի քան 294 մարդ, տուժածների թիվը հասնում է 1000-ի։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն էր հայտնել ողբերգական վթարի կապակցությամբ: