Բույսերի ու ծաղիկների սիրահար, մասնագիտությամբ ծրագրավորող Հարություն Խալաթյանը Երևանում գտնվող իր բնակարանը վերածել է իսկական բուսաբանական այգու։ Այստեղ նա 50 տեսակի ավելի քան 180 բույս ունի, որոնք նրա կյանքի անբաժան մասն են դարձել։ Sputnik Արմենիան այցելել է Հարությունի բնակարան ու զրուցել նրա «անսովոր» հոբբիի մասին։
Երբ Հարությունի բնակարանի դուռը բացվեց, բույսերի գլխապտույտ առաջացնող բույրը միանգամից հուշեց` ճիշտ դուռ ենք թակել, իսկ թռչունների ծլվլոցը մեզ տարավ ճիշտ սենյակ։ Բույսերի քանակն ու գեղեցկությունը պարզապես ապշեցնող էին։
Հարություն Խալաթյանի բնակարանը
© Sputnik / Aram Nersesyan
Հարություն Խալաթյանի թութակները
© Sputnik / Aram Nersesyan
Հարությունը` ջրի ցողիչը ձեռքին, խնամքի հերթական «արարողակարգն» էր կատարում։ Գործին զուգահեռ սկսեց ծաղիկները ներկայացնել։ Անուն առ անուն բոլորին գիտի, գիտի երբ են ծաղկում, ինչ պայմաններում, ինչ յուրահատկություններ, խնամելու առանձնահատկություններ ու «քմահաճույքներ» ունեն դրանք։
Հարություն Խալաթյանը ցողում է բույսերը
© Sputnik / Aram Nersesyan
Դպրոցն ավարտելուց հետո, ծնողների պնդմամբ, Հարությունն ընդունվեց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժին։ Ուսմանը զուգահեռ սկսեց քաղաքի ծաղկի սրահներից մեկում աշխատել, գումար վաստակելու համար։ Սկզբում վաճառող էր, բայց ժամանակի ընթացքում ծաղիկներն այնպես գրավեցին, որ Հարությունը որոշեց թողնել ուսումն ու ֆլորիստ–դիզայներ դառնալ։
«Արդեն բավական մեծ հաջողությունների էի հասել նոր մասնագիտությունում, մեծ միջոցառումների ձևավորումներ էի անգամ անում, երբ հասկացա, որ կտրած ծաղիկներով այլևս չեմ ուզում գործ անել, ուզում եմ բույսերի հետ աշխատել»։
Հարությունը որոշեց ու փոխեց աշխատանքը, սկսեց բույսերի խնամքով զբաղվել, բայց երբ իր սենյակը քիչ–քիչ վերածվեց ջերմատան, նորից վերադարձավ կիրառական մաթեմատիկային, իսկ բույսերի խնամքը դարձավ միայն հոբբի։
Ամեն ինչ սկսվեց 1 խոլորձից, որն այսօր ծաղկի գերակշռող տեսակն է Հարությունի սենյակում։
«Ես չէի գնում արդեն պատրաստի, ծաղկած, գեղեցիկ, ճոխ բույսեր։ Գնում էի հիվանդ, ծաղկաթափ բույսեր, բերում էի տուն ու վերականգնում նրանց։ Սկզբում մեկ հատ ծաղիկ գնեցի, հետո երկրորդը, սկսեցի այդ երկուսով զբաղվել, առաջինը բարեհաջող փչացրի,– ծիծաղում է Հարությունը և շարունակում, – իսկ այ երկրորդը մինչ հիմա կա, արդեն 7 տարեկան է»։
Հարություն Խալաթյան
© Sputnik / Aram Nersesyan
7 տարվա ընթացքում նա բազմաթիվ փորձարկումներ է արել բույսերի հետ։ Տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում է աճեցրել դրանք։ Անգամ խաչասերել է ու նոր տեսակներ ստացել։ Հիմա Հարությունի հավաքածուում անգամ «Stanhopea» տեսակի խոլորձ կա, որը համարվում է ամենաէկզոտիկ ծաղիկներից մեկն ամբողջ աշխարհում։ Հայաստանում ուրիշ ոչ ոք այս բույսից չունի։
Երբ Հարությունը ստեղծեց իր տնային այգին, և բույսերի քանակը հատեց 100-ի սահմանը, ընկերները հորդորեցին նրան փոքրիկ բիզնես ստեղծել` բազմացնել ծաղիկներն ու վաճառել։ Փորձեց, բայց չստացվեց... Ոչ թե որովհետև Հայաստանում հետաքրքրված չեն բույսերով, այլ որովհետև Հարությունը պարզապես չկարողացավ բաժանվել իր ծաղիկներից։
«Մի քանի անգամ իսկապես փորձել եմ, բայց երբ շփվել եմ պատվիրատուի հետ, հասկացել եմ, որ նրան կյանքում ծաղիկ չեմ վստահի (ժպտում է)։ Այս բույսերը չեն կարող իմ համար բիզնես լինել։ Ես չեմ կարողանում բաժանվել իրենցից»,– պատմում է նա, բայց մի քանի վայրկյան հետո հավելում, որ մի քանի ծաղիկ, այնուամենայնիվ, նվիրել է, բայց շատ վստահելի անձանց։
Բույսերի հետ ամենօրյա զրույցները պարտադիր են, Հարությունը վստահեցնում է` փորձված թերապիա է, այդպես ծաղիկներն ավելի լավ են աճում, ավելի առողջ են լինում։
«Բույսերի հետ ավելի հեշտ է, քան մարդկանց։ Մարդկանց քմահաճույքներին չեմ կարողանում դիմանալ, իսկ բույսերի դեպքում հաճելի է։ Այս սենյակում ես ավելի շատ բան եմ սովորում, քան մարդկանց շրջապատում։ Զուտ պետք է իմանալ մի երկու մանրուք, և վերջ...»
Այս սենյակը հետզհետե փոքրանում է Հարությունի հոբբիի համար։ Նա շատ է ուզում ավելացնել բույսերը, հատկապես` խոլորձների տեսակները, բայց բնակարանային պայմանները թույլ չեն տալիս։ «Սա միայն ժամանակի հարց է»,– պնդում է բույսերին սիրահարված երիտասարդը։ Չէ՞ որ հենց այստեղ է նա գտնում իր էներգիայի լիցքավորման աղբյուրը։