Տեղ գյուղի տներից մեկը 600 մետր է հեռու ադրբեջանական դիրքից. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը

Տեղ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների գործողությունների պատճառով խախտվել են բնակիչների կյանքի, անվտանգության և այլ հիմնարար իրավունքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Տեղ գյուղի բնակիչներից մեկի տունն ընդամենը 600 մետր է հեռու ադրբեջանական մոտական մարտական դիրքից, տնից պարզ երևում են ադրբեջանցի զինծառայողները։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` այսօր հրապարակած արտահերթ զեկույցում, որը ներկայացնում է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
«Պաշտպանի փաստահավաք խումբը Տեղ համայնքի այցի ընթացքում արձանագրել է, որ ամբողջ բնակավայրը, այդ թվում` մարդկանց տները, դպրոցը, մանկապարտեզը, գտնվում են ադրբեջանական զինված ուժերի նշանառության և թիրախավորման ներքո։ Ադրբեջանցի զինծառայողների գործողությունների պատճառով խախտվել են բնակիչների կյանքի, անվտանգության և այլ հիմնարար իրավունքներ»,– նշված է զեկույցում։
Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերում զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում և այլն։
Արտահերթ զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցի զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են նրանց։
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և միջազգային կառույցներին:
Հիշեցնենք` ադրբեջանական զինված ուժերը 2023 թվականի մարտ-ապրիլին տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, ապրիլի 11-ին կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր։ Այդ կրակոցների պատճառով զոհվել են 4 հայ զինծառայողներ, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։