ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Թուրքիա է մեկնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Իսկ նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։