Փաշինյանը հասել է Թուրքիա. նրան դիմավորել է Քըլըչը

Թուրքիա մեկնած վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Թուրքիա մեկնած վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
1 / 3

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում

2 / 3

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում

3 / 3

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում

Նշենք, որ ըստ թուրքական ԶԼՄ–ների` Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա կլինեն մոտ 2 տասնյակ երկրների առաջնորդներ։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Նշենք, որ 69-ամյա Էրդողանն արդեն երրորդ անգամ է ընտրվում Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարում է 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Մինչ այդ` 2003-2014թթ., Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ` 1994-1998թթ., եղել է Ստամբուլի քաղաքապետը։