ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստն է։
«Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,– ասված է հաղորդագրությունում:
Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։