ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստ. արխիվային լուսանկար
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հետո հայտարարվեց, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով մեր հարցմանը։
Մոսկվայում աշխատանքային խմբի հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։
«Քայլերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործընթացներին», - պարզաբանել են գրասենյակից:
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: