Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2 ամսով կալանավորվել է

Դատարան
Դատարանը որոշել է կալանավորել 16-ամյա տղային ծեծած պաշտոնյային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
«Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը»,– ասացին դատախազությունից:
Ղայթմազյանը ձերբակալվել էր երեկ:
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։